Մատչելիության հղումներ

«Պետք է խոստովանել՝ երբեք չես կարող համոզվել, որ փոփոխությունը, որն անում ես, կբերի ավելի լավ արդյունքի». Փաշինյան


Ոստիկանության առաջնային նպատակը պետք է լինի ամեն ինչ անել, որպեսզի ուժ կիրառելու անհրաժեշտություն չլինի, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության 106-րդ տարեդարձին նվիրված կոլեգիայի հանդիսավոր նիստին:

Անդրադառնալով Ոստիկանության բարեփոխումներին՝ վարչապետն ընդգծեց՝ ոչ մի փոփոխություն կատարյալ չէ և ամեն փոփոխություն իր մեջ ռիսկեր է պարունակում:

«Երբ մենք սկսում էինք Ոստիկանության բարեփոխումները, շատերն ասում էին, որ դրանք իրականացնելուց առաջ պետք է կադրային զանգվածային փոփոխություններ իրականացնել Ոստիկանությունում, որովհետև այնտեղ տարբեր մարդիկ կան, տարբեր ձևերով, տարբեր ժամանակներում աշխատող և այլն, և նրանք թույլ չեն տա ու դիմադրություն ցույց կտան բարեփոխումների ընթացքին: Բայց մենք այդ կարծիքին չէինք, այսօր էլ այդ կարծիքին չենք, որովհետև համարում էինք, որ նախ՝ շատ կարևոր է ցանկացած փոփոխություն և բարեփոխում իրականացնել նախկինում կուտակված փորձի վրա: Որովհետև ոչ մի բան զրոյից չի ստեղծվում կամ այն ինչ զրոյից է ստեղծվում, շատ ավելի բարդ, շատ ավելի անարդյունավետ է, քան մենք՝ իմանալով ամբողջ տեղեկատվությունը, կարող ենք իմանալ և՛ մեր սխալները, և՛ մեր առավելությունները, և՛ մեր թերությունները, և այդ տրամաբանությամբ գնալ առաջ», - նշել է Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծել է՝ պետք է խոստովանել՝ «երբեք չես կարող համոզվել, որ փոփոխությունը, որն անում ես, կբերի ավելի լավ արդյունքի, քան դու ունես այս պահին, որովհետև ցանկացած բան միշտ էլ փոխելիս ռիսկ կա, որ ճանապարհին կամ վերջնարդյունքում դու կտեսնես, որ իրականում էլ չհասար քո նպատակին, մեծ աղմուկ առաջացրեցիր, մեծ փոփոխություններ, և ոչ մի արդյունք չեղավ»:

«Դրա համար փոփոխությունների պրոցեսն իրականում շատ բարդ է: Նաև կարծում եմ՝ մենք՝ որպես հանրություն, նաև ես՝ որպես վարչապետ, և կառավարությունն այս առումով գնահատում է Ոստիկանության ծառայողների մոտեցումներն այս փոփոխությունների, պրոցեսների վերաբերյալ: Ես ամենակարևորը, որ շատ եմ գնահատում՝ այսօր Ոստիկանությունը և Ոստիկանության ներկայացուցիչները չունեն այդ դիրքորոշումը, որ ամեն քայլափոխի ցույց տան, որ այդ բարեփոխումները լավ չեն ընթանում, չնայած կրկնում եմ՝ ոչ մի փոփոխություն կատարյալ չէ և ամեն փոփոխություն իր մեջ ռիսկեր է պարունակում: Ես ուզում եմ, որ դուք իմանաք՝ ես այս մոտեցումը և ըմբռնումը շատ բարձր եմ գնահատում», - նշել է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG